ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հակադարձում է փոխարտգործնախարարի հայտարարությանը: «Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, և ոչ միայն հիշողության հետ»,- երկուշաբթի օրը այսպես արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում փոխարտգործնախարարի հայտարարություններին:
Շավարշ Քոչարյանը, անցած ուրբաթ օրը մեկնաբանելով Սողոմոնյանի հայտարարությունը, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է, ասել էր, թե պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին:
«Հաշվի առնելով Շավարշ Քոչարյանի վարկը, կարելի էր և չարձագանքել նրա հարցազրույցին, եթե խնդիրը չառնչվեր ԼՂՀ թեմային և արծարծված չլիներ փոխարտգործնախարարի պաշտոն զբաղեցնող անձի կողմից: Խոսքը մի մարդու մասին է, ով քաղաքական ակրոբատիզմի նշանակալի տաղանդ դրսևորելով` եվրաինտեգրացիայի «համոզված» կողմնակցից մեկ գիշերում վերափոխվեց Մաքսային միության ոչ պակաս «համոզված» ջատագովի»,- ասված է այսօր «Ազատությանը» Վիկտոր Սողոմոնյանի տրամադրած հաղորդագրությունում:
«Դատելով այդ հարցազրույցի բովանդակությունից, Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, և ոչ միայն հիշողության հետ: Երևի թե Ռոբերտ Քոչարյանը, լինելով ԼՂՀ Անկախության հռչակագրի հեղինակ (Կարեն Բաբուրյանի հետ միասին), ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ և ԼՂՀ առաջին նախագահ, փոխնախարարից շատ ավելի լավ գիտի, թե ինչպես և ինչու իրագործվեց ինքնորոշման իրավունքը ԼՂՀ ստեղծման ճանապարհով, ինչն առավել արդյունավետ էր՝ վերջնական նպատակին հասնելու համար: Բայց ղարաբաղյան շարժման էությունն ու կարգախոսը մեկն էր՝ «Միացում»: Հենքային հիմնավորումներն ու շարժառիթներն էլ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր և արհեստականորեն բաժանված ժողովրդի վերամիավորումը», - հայտարարում է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ շարունակելով. «Փոխնախարարը, թերևս, չգիտի, որ Քի-Վեստյան փաստաթղթի հիմքում (դրա ստորագրումը չափազանց մոտ էր իրականություն դառնալուն) ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորումը: Լինելով թե ԼՂՀ, թե ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական նպատակը հենց երկու հայկական պետությունների վերամիավորումն է: Նա, ով կմոռանա այդ նպատակը՝ կմոլորվի, կմոլորեցնի ժողովրդին և կվտանգի Ղարաբաղը: Հայաստանի և ԼՂՀ-ի իրական ինտեգրացիայի աստիճանն այսօր մոտ է կոնֆեդերատիվ մոդելին, իսկ անվտանգության համակարգում մենք լիարժեք ինտեգրում ունենք: Սա հանրահայտ փաստ է, որը ոչ թե թուլացնում, այլ հզորացնում է մեզ»:
«Ղարաբաղյան շարժման վերջնական նպատակի մոռացության մատնելը և մեր արտաքին քաղաքական գերատեսչությունում նման փոխնախարարի գոյությունը. սրանք են Ադրբեջանին «տրվող պասերը», - ասված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հաղորդագրությունում: